
Հալեպ ժամանած հայ փրկարարներն այցելել են Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի

Հայաստանի Հանրապետության փրկարարական ծառայության խումբը, որը Հալեպ է ժամանել փետրվարի 11-ին, այցելել է Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի` ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։
Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր է ուղղել Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի կողմից։
Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրել է Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվել է Տերունական աղոթքը։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցել են ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը։