Բաժիններ՝

«Համեր»-ի 25-ամյա վարորդի հայրը տարիներ առաջ պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը.մանրամասներ․ NEWS.am

Հանրապետության հրապարակում երեկ ուշ երեկոյան պարեկներին չենթարկվող, երթեւեկության կանոնները կոպիտ խախտող «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:

NEWS.am-ին Արարատ քաղաքի բնակիչներից մեկը պատմեց, որ Գեղամը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, նաեւ շրջափակման մեջ է ընկել:

«Հայրը ունեւոր մարդ է, ոսկու խանութներ ունեն: Գեղամին երկար ժամանակ արգելել էին մեքենա վարել, այդ օրն էլ մեքենան փախցրել էր ու գնացել: Չնայած որ ընտանիքը եկեղեցի է հաճախում, բայց հեղափոխությունից հետո պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը, ակցիաներին մասնակցում»,- պատմեց նա:

iravunk.com-ն էլ հայտնում է, որ երեկվա խառնաշփոթի հեղինակի հայրը՝ Արթուր Սահրադյանը աչքի ընկնող հակաեկեղեցական ակտիվիստներից մեկն էր, որը Մայր Աթոռի շրջակայքում, նույն Hummer-ի միջից «աղոթքներ» եւ անպատեհ խոսքեր ու արտահայտություններ էր հնչեցնում Հայոց Հայրապետի հասցեին: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժումը սկսվեց Սուրբ էջմիածնի եւ Հայոց Հայրապետի դեմ, նույն Hummer-ը մասնակիցն էր այդ ցույցերի, հատկապես էջմիածին քաղաքում: Տեսանյութերը կան տեղադրված Յութուբում եւ երբ ուշադիր նայեցի, տեսա, որ երեկվա «հերոսի» վարած մեքենան եւ տարիներ առաջ Հայրապետի դեմ բողոքի ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը, որը նրա հայրն էր, նորից նույն Hummer-ով է: Այսօր առավոտյան արդեն Արարատ քաղաքում խոսում էին, որ երեկվա միջադեպի հեղինակ Գեղամ Սահրադյանի հայրը նույն մեքենայով տարիներ առաջ սանձարձակություններ էր անում Էջմիածնում ՝ «պայքարելով» Հայոց Հայրապետի դեմ, իսկ իր որդին երեկ ապօրինություն էր գործում մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Արթուր Սահրադյանը ծայրահեղ կրոնավորություն էր ցուցաբերում եւ ժամանակ առ ժամանակ այդ նույն հակաեկեղեցական խմբով մտնում էին տարբեր եկեղեցիներ ու կոնֆլիկտներ հրահրում: Փաստորեն, ստացվում է, որ «բարեպաշտ» եւ «հավատավոր» հոր պայքարը ոչ թե պիտի լիներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ՝ սեփական տանը, որպեսզի երեկվա դեպքերին ականատես չլինեինք»,- iravunk.com-ին հայտնել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը:

Չնայած, որ լրատվամիջոցները երեկվանից հայտնել են վարորդի ինքնությունը, ոստիկանությունը եւ քննչական կոմիտեն չեն հայտնում նրա ինքնությունը, միայն նշում են ծննդյան տարեթիվը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարկում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:

Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս