ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները պատրաստակամ են աջակցելու ՀՀ ԿԸՀ-ի ներկայացրած ծրագրերին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 10-ին հյուրընկալել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի քաղաքական գործընթացների ավագ խորհրդական Մայքլ Հեննինգին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ժողովրդավարության և կառավարման գրասենյակի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ ընդգծելով ԱՄՆ ՄԶԳ դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում։
Ըստ աղբյուրի՝ Վահագն Հովակիմյանը համաձայնել է Մայքլ Հեննինգի դիտարկման հետ, որ միջազգային հանրության կողմից՝ վերջին տարիներին անցկացված հայաստանյան ընտրությունները արժանացել են դրական գնահատականի, սակայն հաջողված ընտրությունները երաշխիք չեն ժողովրդավարության անշրջելիության համար։
«Այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ընտրական համակարգի կարողությունները զարգացնել այնպես, որպեսզի ժողովրդավարությունն այլևս անշրջելի իրողություն դառնա Հայաստանում, և հաջողված ընտրությունները դառնան սովորական երևույթ։ Դեռևս նախորդ տարի ձևավորված ԿԸՀ-ի առաքելությունը հենց դա է»,- հավելել է Վահագն Հովակիմյանը։
Քննարկվել են ԿԸՀ տեսլականն ու առաջնահերթությունները, և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն հայտնեցին իրենց պատրաստակամություն աջակցելու ԿԸՀ-ի կողմից ներկայացված ծրագրերին։