«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը և այս առնչությամբ պահանջում լիարժեք քննություն։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք, ես՝ նաև որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, առաջիկայում նախաձեռնենք այս երևույթների քննարկումը. փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում փաստաբանների կողմից իրականցվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճ պաշտպանության նաև օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք նաև լիարժեք քննություն, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Մինասյանը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։