
Նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք մտել են սերիական արտադրության մեջ. Հակոբ Արշակյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավորի հարցին:
«Այս տարի մենք արդյունքներ ունենք արձանագրած, որոնք, կարելի է ասել՝ ռեկորդային են: Հաշվարկի տարբեր մեթոդիկաներ կան: Դրանցից մեկով՝ մենք 60 տոկոսից ավելի աճ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները՝ թե բարձր տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ»,-ասաց Արշակյանը:
Նրա խոսքով՝ տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակներում ստացել են նորարարական գրանտներ, որոնք բերում են միջազգային ֆոնդերի կողմից ներդրումների, որոնք իսկապես պատկերը փոխում են հայաստանյան իրականության մեջ:
Արշակյանը նաև հիշեցրեց, որ կառավարությունը հանդես է եկել գիտության ոլորտի ֆինանսավորման կրկնապատկման նախաձեռնությամբ, որն իր հերթին պետք է բերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա Հայաստան կհոսեն նոր ներդրումներ: