
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։
«Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ։ Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Ռուսական կողմն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։