«ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»․ Խորվաթիայի ԱԳ նախարար

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միակարծիք են, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ կարող է լուրջ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի մոտ և Եվրամիությունն ընդհանրապես կարող են որևէ ձև նպաստել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպելուն և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց։

«Այո, կարծում եմ, որ Եվրամիությունը, ինչպես և ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունի Լեռնային Ղարաբաղի իրավունքների ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման հետագա քննարկման և Լեռնային Ղարաբաղի այժմյան բլոկադայի վերացման հարցում։ Կրկնում եմ, որ բոլոր հարցերի լուծման ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցությունները, դիվանագիտական ճանապարհը, և այստեղ միջազգային հանրությունը ու մասնավորապես Եվրոպական Միությունը դեր ունեն խաղալու»,- ասաց Միրզոյանը։

Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն ուրախ է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։

«Իսկապես շատ կարևոր է այս թեման, թե ինչպես Եվրամիությունը կարող է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությանը մինչև հարյուր անձ է մասնակցում, և երկու տարի է նախատեսված այս առաքելությունը իրականացնելու համար։ Եվ այդ հանձնառությունը կրել ենք՝ որպես տարածաշրջանում կայունությանը շահագրգիռ կողմ։ Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»,- ընդգծեց Ռադմանը։

Տեսանյութեր

Լրահոս