Բաժիններ՝

Չինաստանը և Հնդկաստանը օգնում են երկրաշարժից տուժած Սիրիային

Չինաստանը 30 միլիոն յուան ​​(շուրջ 4,4 միլիոն դոլար) գումարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանի կառավարության և ժողովրդի ցավակցությունն ու աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնելու համար ՉԺՀ-ն որոշում Է ընդունել սիրիական կողմին տրամադրել 30 միլիոն յուան գումարի շտապ հումանիտար օգնություն», – ասել է նա։

Մաո Նինը պարզաբանել է, որ երկու միլիոն դոլարի օգնությունը կտրամադրվի փողի, մնացածը՝ անհրաժեշտ պարագաների տեսքով։ Իր հերթին ТАСС գործակալությունը հաղորդում Է, որ ըստ Հնդկաստանի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության՝ Հնդկաստանը վեց տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիային:

«Հնդկաստանի կառավարությունը հնդկական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով վեց տոննա շտապ օգնություն է ուղարկել Սիրիա: Բեռը Դամասկոսի օդանավակայան է հասել այսօր առավոտյան», – հայտնել է գերատեսչությունը: Սիրիա են առաքվել դեղամիջոցներ՝ անհետաձգելի օգնության համար, և բժշկական սարքավորումներ, ներառյալ՝ Էլեկտրասրտագրության դյուրակիր ապարատներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 7100-ը: 40 910 մարդ վիրավորվել է: Սիրիայի կառավարության և ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհվել է 2530 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս