Ընկերվար երիտասարդների միջազգային միության (IUSY) փոխանախագահ` ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը Պոլսում մասնակցել է Միության լիագումար նիստին
Ընկերվար երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth IUSY) փոխանախագահ` ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը փետրվարի 3-5-ը Պոլսում մասնակցել է ԸԵՄՄ-ի նախագահության լիագումար նիստին:
Ժողովը հյուրընկալել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպությունը, որը ԸԵՄՄ-ին անդամակցում է դիտորդի կարգավիճակով:
Ժողովի ընթացքում ճշտվել են 2023 թվականին ԸԵՄՄ-ի անելիքները, որդեգրվել է Միության քաղաքական և կազմակերպական աշխատանքային քարտեզը:
Սարինե Աբրահամյանը, լինելով Սևծովյան տարածաշրջանի պատասխանատու, ներկայացրել է տարածաշրջանում կարևորագույն քաղաքական զարգացումները, ինչպես նաեւ մանրամասն զեկուցել Արցախի շրջափակման և տիրող հումանիտար ծանր իրավիճակի մասին:
Հիշեցնենք՝ 2022թ. դեկտեմբերին IUSY-ն պաշտոնական հայտարարությամբ խիստ դատատապարտել էր Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը և կոչ արել անհապաղ ու առանց նախապայմանների վերաբացել Բերձորի (Լաչինի) միջանցքը:
ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է իր մտահոգությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդրի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի, Թուրքիայի դերակատարության և տարածաշրջանը խիստ ապակայունացնելու նպատակների վերաբերյալ: Սարինե Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խորապես վտանգվել են հատկապես 44-օրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ միջամտության պատճառով՝ հավելելով, որ հայ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման նկատմամբ:
ԸԵՄՄ-ի փոխնախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP), կուսակցության երիտասարդական թևի, ինչպես նաեւ խորհրդարանում HDP-ի ներկայացուցիչների հետ: Սարինե Աբրահամյանը նրանց հետ քննարկել է Թուրքիայում HDP կուսակցության անդամների և ընդհանրապես փոքրամասնությունների խնդիրների ու դժվարությունների հարցը և նրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների հետապնդումների և ճնշումների խնդիրը: Սարինե Աբրահամյանը ԸԵՄՄ-ի և ՀՅԴ-ի կողմից HDP -ին համերաշխություն է հայտնել և հաջողություն մաղթել Թուրքիայում առաջիկայում կայանալիք ընտրություններում։
ՀՅԴ անդամը նաև հանդիպել է «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, այցելել է Հայոց պատրիարքության թաղամաս, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պեզճյան մայր վարժարան: