
Հայաստանի նախագահն ու Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության անհրժեշտությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալեն Ֆիշերը:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակարդակի բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի և տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ողջ ներուժի իրականացման կարևորությունը: Հանրապետության նախագահը շեշտել է նաև, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:
Մադալեն Ֆիշերն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ մասնավորապես ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցերին, ինչպես նաև Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհարժեշտությանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և պաշտոնական շփումների ակտիվացման ուղղությամբ: