ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար
Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով:
«2022 թ.-ին ապրանքների և ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 միլիարդ դոլար՝ 2021 թ.-ի 845 միլիարդ դոլարի համեմատությամբ ավելանալով 103 միլիարդ դոլարով», – ասված է ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրության մեջ, որը մտնում է առևտրի նախարարության կազմի մեջ:
Դեկտեմբերին դեֆիցիտն ավելացել է 10,5%-ով՝ հասնելով 67,4 մլրդ դոլարի: 2022 թ.-ին ԱՄՆ-ի արտահանումը կազմել է ավելի քան 3 տրիլիոն դոլար՝ 2021 թ.-ի համեմատությամբ ավելանալով 453,1 մլրդ դոլարով, ներմուծման ցուցանիշը 2021 թ.-ի համեմատությամբ աճել Է 556,1 մլրդ դոլարով և գրեթե հասել է 3,96 տրլն դոլարի:
Ինչպես գրում Է Dow Jones գործակալությունը, ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի արդեն երրորդ տարին անընդմեջ։ Եթե 2022 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 948,1 միլիարդ դոլար, ապա վեց տարի առաջ այն կիսով չափ պակաս էր։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն առևտրային մեծ դեֆիցիտ ունի արդեն շատ տարիներ, և սովորաբար դա զգալի ազդեցություն չի ունենում տնտեսական ցուցանիշների վրա։
2022 թ.-ին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ամերիկացիներն արտասահմանում գնել են տեխնիկա, դեղամիջոցներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև ավտոմոբիլներ և դրանց պահեստամասեր, վկայում են առևտրի նախարարության տվյալները: