Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8300-ը
Թուրքիայի հարավում երկուշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5894-ի: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ֆուաթ Օքթայի խոսքերը:
Այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ Օքթայը նաև հայտնել է երկրաշարժի հետևանքով 34 810 վիրավորի մասին: Փլուզվել է 5775 շենք, 8000-ից ավելի մարդ փրկվել է փլատակներից:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունից հայտնել են, որ երկրաշարժից տուժած շրջաններում աշխատում է 60 218 մարդ, այդ թվում՝ 3200 փրկարար աշխարհի 65 երկրներից:
Թուրքիայում հետաձգվել են բոլոր սպորտային միջոցառումները: Ամբողջ երկրում դպրոցները փակ կլինեն մինչև փետրվարի 13-ը, իսկ տուժած 10 շրջաններում՝ մինչև փետրվարի 20-ը:
7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ է արել նաև Սիրիայում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1250 զոհի և 2054 վիրավորի մասին:
Իր հերթին «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է 1220-ից ավելի զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբավորումը Twitter-ի իր էջում նշել է, որ այս թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնում են փլատակներում: