Ադրբեջանն իր գործողություններով ապացուցում է, որ դեռևս պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ՀՀ նախագահն ընդունել է Գորդան Գրլիչ Ռադմանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 7-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով և ամրապնդելով երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը։
«Համոզված եմ, որ Ձեր այցն ավելի կամրապնդի հայ-խորվաթական բարեկամությունը և կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Նման այցելությունները նպաստավոր են մեր հետագա անելիքները ճշգրտելու, քննարկելու, կողմնորոշվելու և նոր հորիզոններ նախանշելու տեսանկյունից: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ: Ցավոք, մեր հարևան երկիրը դեռևս պատրաստ չէ կամ, համենայն դեպս, իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը և մաղթում արգասաբեր աշխատանք»,- իր խոսքում ասել է նախագահը:
Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ, ինչպես նաև մեր հայ գործընկերների հետ այս երկօրյա այցելության շրջանակում: Կարծում եմ, որ մենք պետք է հաստատենք ավելի սերտ համագործակցություն և ընդլայնենք գործակցության շրջանակը՝ միասին շատ ավելին անելու նպատակով»,- ասել է Գորդան Գրլիչ Ռադմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում ողջունելի է համարվել Խորվաթիայի նախարարի այցի շրջանակում նախատեսված համատեղ գործարար համաժողովի անցկացումը: Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացվել մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամին և այն հնարավորինս արագ հանգուցալուծելու կարևորությանը: