
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատում են երկրաշարժից Սիրիայի և Թուրքիայի մշակութային հուշարձաններին հասցված վնասը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ համատեղ կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ մեկտեղ արդեն սկսել է վնասի նախնական գնահատումը, որը հասցվել Է մշակութային ժառանգության օբյեկտներին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով», – ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի կցորդ Թոմ Մալարը։
Նա նշել Է, որ աշխատանքին մասնակցում են Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի փորձագետներ։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «անհրաժեշտ է անհապաղ ապահովել մշակութային ժառանգության օբյեկտների անվտանգությունը»։
Ինչպես նշել է Մալարը, երկրաշարժի հետևանքով, մասնավորապես, վնասվել են Դիարբեքիրի ամրոցը և Հևսելի այգիները։
«Մշակութային ժառանգության այդ օբյեկտները հռոմեական, սասանյան, բյուզանդական, իսլամական և օսմանյան ժամանակաշրջանների հուշարձաններ են», – ասել Է նա։
Փորձագետները մտադիր են նաև գնահատել Գյոբեքլի Թեփեի և Արսլանթեփեի հնավայրերի վիճակը, հավելել է մամուլի կցորդը։ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ին հատկապես մտահոգում է Հալեպի Հին քաղաքի շինությունների, այդ թվում՝ միջնաբերդի պահպանվածությունը, հստակեցրել է գործակալության զուցակիցը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն իր ցավակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ աջակցությունն իր մանդատի շրջանակներում: