Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ, տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ։
Զոհերի թիվն այժմ կազմում է ավելի քան 5000 և շարունակում է աճել: Փրկարարները սառնամանիքի ու ձյան պայմաններում մանրակրկիտ ստուգում են փլվածքների կույտերը՝ ողջ մնացածներին գտնելու նպատակով: ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ զոհերի և վիրավորների թվերը, հավանաբար, կաճեն ութ անգամ, քանի որ փրկարարներն ավելի շատ զոհեր են գտնում փլատակների տակից:
«Ցավոք սրտի, երկրաշարժերի դեպքում մենք միշտ տեսնում միևնույն բանը՝ այն, որ զոհերի կամ վիրավորների թվի մասին նախնական զեկույցներն զգալիորեն ավելանում են հաջորդ շաբաթ», – AFP-ին հայտնել է Եվրոպայում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդը։
Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Ադելհեիդ Մարշանգն իր հերթին հայտնել է, որ կազմակերպության գնահատականներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, աշխարհի տարբեր երկրներ աջակցություն են ցուցաբերում որոնողափրկարարական աշխատանքներին՝ ուղարկելով մասնագետների խմբեր, փրկարար շներ և սարքավորումներ:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հաղորդել Է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին (Գրինվիչի ժամանակով 01:17-ին)՝ 17,9 կիլոմետր խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում:
Սեյսմոլոգները հայտարարել են, որ առաջին երկրաշարժը Թուրքիայում երբևէ գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մեկն էր:
Ըստ ականատեսների՝ ցնցումները դադարել են երկու րոպե անց: Երկրորդ երկրաշարժը, որը պայմանավորված Էր առաջինով, ունեցել է 7,5 մագնիտուդ հզորություն. դրա էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստանի շրջանում։ Տարածաշրջանում դեռևս զգացվում են բազմաթիվ հետցնցումներ։