Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. ՀՀ ԱԺ նախագահը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ զրույցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:

Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

Գործընկերները խոսել են հետպատերազմյան իրադրությունից, Լաչինի միջանցքի ճգնաժամից, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգներից ու Ադրբեջանի կողմից վարվող շարունակական ագրեսիվ քաղաքականությունից:

«Արցախ միջազգային, այդ թվում` հումանիտար կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է: Մեր խորին համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները եւ կառույցները Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն ունենան` մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում իրականացնելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են կրթության, գիտության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

«Կարծում եմ` ուղիղ թռիչքների գործարկումը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացմանը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս