Ագնեսա Խամոյանը ներկայացրեց, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում Ազգային ժողովի նիստին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ներկայացրեց, թե ինչու ընդդիմությունը չի մասնակցում Ազգային ժողովի նիստին, որտեղ քննարկվում է պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությունները:

«Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր մասնակցությունը, ես կարծում եմ՝ պարոն Օհանյանը իր ուղերձում հստակ դրան անդրադարձել է, ներկայացրել այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը: Այսօրվա բարդագույն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը, չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին՝ փորձել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղել», – լրագրողների հետ զրույցում ասաց Խամոյանը։

Պատգամավորը հայտնեց նաև, որ Սեյրան Օհանյանը մի քանի օր է` վատառողջ է, այս պահին գտնվում է վերականգնման փուլում: Ագնեսա Խամոյանը շեշտեց, որ Սեյրան Օհանյանը երբևէ չի խուսափել քննությունից։

«Իրավական դրվագներին չեմ անդրադառնա, դրա մասին թե պարոն Օհանյանը, թե նրա փաստաբանները բազմաթիվ առիթներ ունենալու են։ Ուշադրություն եմ հրավիրում հետևյալ հանգամանքի վրա, որ պարոն Օհանյանը երբևէ չի խուսափել քննություններից, հարցաքննություններից։ Այսինքն՝ այդ իրավական գործընթացը, անկախ այստեղ տեղի ունեցող գործընթացից, ընթանում է»,- ընդգծեց Խամոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր պատգամավորներին չմասնակցել ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու է իր և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունները։

«Մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, այդ միջնորդությունները չէին լինի: Սակայն մենք չենք համաձայնել, որովհետև վստահ ենք մեզ վրա՝ մենք հանցանք չենք գործել, ներկայացված որևէ գործարքում որևէ մեկի հետ հանցավոր համաձայնությունների մեջ չենք եղել: Շուտով հանրությունն էլ կհամոզվի դրանում»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Ազգային ժողովը փետրվարի 7-ին քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունները, որոնք ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Միջնորդություններից մեկը Սեյրան Օհանյանի մասնակցությամբ զորամասի տարածքն օտարելու վերաբերյալ գործին է վերաբերվում: Երկրորդ միջնորդությունը խորհրդարանը քննարկում է փակ ռեժիմով, քանի որ դրանում գաղտնիք պարունակող տեղեկություններ կան:

Տեսանյութեր

Լրահոս