
Գեղարքունիքի մարզում, բացի Վարդենյաց լեռնանցքից, բոլոր ճանապարհներն անցանելի են

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը տեղացած ձյան եւ ուղեկցվող բքերի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, Սեւանի, Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններում ձյան բարձրությունը կազմել է 2-3, Ճամբարակում՝ 5-7, Մարտունիում՝ 10 սանտիմետր։ Մարտունու տարածքի բարձրադիր հատվածներում գրանցվել են ուժեղ ձնաբքեր, ինչի հետեւանքով այժմ Վարդենյաց լեռնանցքը փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից մշակման աշխատանքներ են իրականացնում Գավառի, Սեւանի եւ Վարդենիսի, մաքրման եւ մշակման աշխատանքներ՝ Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջաններում։
Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ապահովված է բոլոր ճանապարհների անցանելիությունը, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, որտեղ այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհի մաքրման եւ բացման ուղղությամբ։