Բաժիններ՝

Տասնյակ երկրներ օգնություն են ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային

Թուրքիայում և Սիրիայում հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած ավերիչ երկրաշարժից հետո տարբեր երկրներ և մարդասիրական կազմակերպություններ փրկարարական խմբեր և սարքավորումներ են ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար:

Եվրոպական Միությունը Թուրքիայի համար որոնողափրկարարական թիմեր է մոբիլիզացրել: ԵՄ-ի Կոպեռնիկոսի արբանյակային համակարգն ակտիվացվել է՝ տրամադրելու արտակարգ քարտեզագրման ծառայություններ: ԵՄ առնվազն 13 երկիր օգնություն է առաջարկել Թուրքիային: Եվրամիությունից հայտնել են, որ պատրաստ են մարդասիրական աջակցության ծրագրերի միջոցով օգնություն առաջարկել նաև Սիրիային:

Իսրայելի բանակը Թուրքիա է ուղարկում 150 հոգուց բաղկացած խումբ, որի կազմում ընդգրկված են փրկարարներ, ինժեներներ, բժիշկներ: Իսրայելը և Թուրքիան ժամանակին տարածաշրջանային դաշնակիցներ էին և այժմ տարիների լարվածությունից հետո փորձում են լավացնել հարաբերությունները: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ հավանություն է տվել նաև Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու խնդրանքին, որը իսրայելական կողմին էր փոխանցվել դիվանագետի միջոցով. երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն:

Ըստ Associated Press-ի՝ Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդ Հունաստանը ևս հայտնել է փրկարարներից, փրկարար շներից, բժիշկներից և սեյսմոլոգներից բաղկացած խումբ Թուրքիա ուղարկելու մասին:

Գերմանիան իր հերթին համակարգում է օգնությունը ԵՄ գործընկերների հետ և պատրաստվում է Թուրքիա ուղարկել գեներատորներ, վրաններ, տաք ծածկոցներ:

Հարավային Կորեան Թուրքիա է ուղարկում 60 հոգանոց որոնողափրկարարական անձնակազմ և բժշկական պարագաներ: Իսկ Մեծ Բրիտանիայի կողմից Թուրքիա ուղարկվող փրկարարական խմբի կազմում կա 76 մարդ:

Հնդկաստանն իր հերթին Թուրքիա է ուղարկում որոնողափրկարարական 2 թիմ՝ կազմված 100 հոգուց, ինչպես նաև փրկարարական շներ և սարքավորումներ:

ԱՄՆ-ն Թուրքիա կուղարկի փրկարարների՝ 140 հոգուց բաղկացած երկու խումբ, հաղորդում է CNN-ը:

Թուրքիա փրկարարական խմբեր են ուղարկել նաև Շվեդիան, Չեխիան, Ավստրիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Սերբիան, Չեռնոգորիան, Մոլդովան, Ճապոնիան, Մեքսիկան, Լիբանանը:

Ռուսաստանը Թուրքիա և Սիրիա է ուղարկել փրկարարների խմբեր, որոնք կօգնեն երկրաշարժի հետևանքների վերացման գործում: Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայում գտնվող ռուսական զորախմբի հրամանատարին հրահանգել է օգնել որոնողափրկարարական աշխատանքներում:

Սիրիական SANA լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Իրանից հումանիտար օգնությամբ ինքնաթիռը ժամանել է Դամասկոսի օդանավակայան: Հումանիտար օգնությամբ 2 ինքնաթիռ էլ Սիրիա է ժամանել Իրաքից: Թունիսի նախագահը ևս հրահանգել է անհապաղ օգնություն ուղարկել Սիրիա:

Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ի հրամանով օգնություն է ուղարկվում և՛ Թուրքիա, և՛Սիրիա:

Նոր Զելանդիան և Չինաստանն էլ Կարմիր Խաչի և Կարմիր Մաhիկի կազմակերպությունների միջոցով դրամական օգնություն են ուղարկել Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժից տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս