![](/banners/BeFunky-design.jpg)
Ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 6 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/karmir-xach.jpg)
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5 -ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։