Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն նախազգուշացրել Է կոշտ հակազդման մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի ցանկացած ռազմական սադրանքի

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ «ամենախիստ ձևով կարձագանքի» ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական սադրանքի:

«ԿԺԴՀ-ն ամենախիստ ձևով կարձագանքի ԱՄՆ-ի ցանկացած ռազմական փորձի՝ հիմնվելով «միջուկային զենք՝ միջուկային զենքի դիմաց և տոտալ առճակատում՝ տոտալ առճակատման դիմաց» սկզբունքի վրա», – ասվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի՝ անունը չնշված ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Նշվում է, որ հունվարի 31-ին Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բացահայտորեն հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ երկրում կտեղակայի ավելի մեծ թվով այնպիսի ռազմավարական միջոցներ, ինչպիսիք են հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչները և միջուկային զենքի կրիչները:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի աշխատակիցը նախազգուշացրել է, որ «եթե ԱՄՆ-ը շարունակի ռազմավարական ակտիվներ տեղակայել Կորեական թերակղզում և դրա մերձակայքում, ապա ԿԺԴՀ-ն պարտադիր կարգով կհստակեցնի իր կանխարգելիչ գործունեությունը՝ դրա բնույթին համապատասխան»: Նրա խոսքով՝ «որքան ավելի վտանգավոր դառնա ԿԺԴՀ-ի համար ամերիկյան սպառնալիքը, այնքան ավելի ուժեղ պատասխան հարվածի կբախվի ԱՄՆ-ն»։

«ԿԺԴՀ-ն ամենայն պատասխանատվությամբ կպաշտպանի խաղաղությունն ու անվտանգությունը Կորեական թերակղզում և տարածաշրջանում՝ ուժեղ զսպման միջոցով, քանի դեռ ԱՄՆ-ի և նրա վասալական ուժերի թշնամական քաղաքականությունը և ռազմական սպառնալիքը վերջնականապես արմատախիլ չեն արվել», – հայտարարել է հյուսիսկորեացի դիվանագետը։

Նա նաև հավելել է. «ԿԺԴՀ-ն շահագրգռված չէ որևէ շփումով կամ երկխոսությամբ Միացյալ Նահանգների հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իրենց թշնամական քաղաքականությունն ու առճակատման գիծն են առաջ տանում»: Փհենյանը Վաշինգտոնի դեմ պետք է գործի միայն ուժով, «քանի որ նա (ԱՄՆ-ը) երազում Է զինաթափել ԿԺԴՀ-ին և տապալել նրա սոցիալական համակարգը», – եզրափակել Է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Այս հայտարարությանը նախորդել էր Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների համատեղ օդային զորավարժությունը Դեղին ծովի վրա: Զորավարժությանը մասնակցել էին ռազմաօդային ուժերի B-1B ռազմավարական ռմբակոծիչ և F-22 և F-35B անտեսանելի կործանիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս