Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը:

Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական պլանավորման, հանրությանը ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության համակարգերն ու ամրապնդել ինստիտուտները:

Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և բանտարկյալների հետ վարվեցողության Ասիայի և Հեռավոր Արևելքի ինստիտուտի աջակցությամբ իրականացվող վերապատրաստման ծրագրերը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նախարարության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ այն շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728