ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում:

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում Լուիս Լ. Բոնոյի նշանակմանը, ով կփոխարինի դեսպան Ֆիլիպ Ռիքերին:

«Ինչ վերաբերում է պրն. Բոնոյին, նա կառաջնորդի ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Եվ նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես արել են այս դերում իր նախորդները: Մասնավորապես, կապված նրա որակավորումների հետ, ինչպես քիչ առաջ ասացի, սա Բայդենի վարչակազմի համար կայուն առաջնահերթություն է: Իսկ պարոն Բոնոն գերատեսչության ավագ ղեկավար է, որը մարտահրավեր հանդիսացող և բարդ խնդիրների շուրջ աշխատելու զգալի փորձ ունի: Եվ նա ունի պետքարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը այս նոր դերը ստանձնելու հարցում», – ասել է Պատելը:

Պաշտոնյան հավելել է, որ առայժմ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ չկան:

ԱՄՆ-ն Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում նշանակվելուց առաջ Լուիս Լ. Բոնոն աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս