
Երևանի քաղաքապետարանում քննարկվեցին տարբեր կազմակերպությունների ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու հարցերը

Երևանի ավագանին դեմ է քվեարկել «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծին:
Հարցը քննարկվել է Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում:
«Իրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս հարցին»,- նշեց Երևանի քաղաքապետարանի Իրավական հարցերի հանձնաժողովի տնօրենի տեղակալ Գայանե Մելքումյանը:
Քվեարկության արդյունքում 3 կողմ, 30 դեմ, 5 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց:
Օրակարգում քննարկվեց նաև քաղաքացի Լևոն Բարդակջյանին ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքերով՝ այս ավտոկայանատեղին գտնվում է Վաղարշյան փողոցի վրա և ավտոկայանատեղին շահագործվում է սրճարանի և Ավետարանչական եկեղեցու սպասարկման համար: Գայանե Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը այս հարցին նույնպես տվել է բացասական եզրակացություն: Քվեարկության արդյունքում 20 կողմ, 4 դեմ, 9 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:
Քննարկվեց նաև քաղաքացի Սարգիս Կարապետյանի ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Խոսքը վերաբերում էր Տերյան փողոցի վրա գտնվող ավտոկայանատեղին, որը սպասարկում է «Տաշիր գրուպ» ընկերությանը: Իրավական հարցերի հանձնաժողովն այս հարցին ևս տվեց բացասական եզրակացություն: Քվեարկության արդյունքում 13 ավագանու անդամ կողմ էր, 8-ը՝ դեմ, 22-ն էլ՝ ձեռնպահ: