2018 թվականին Գեղարքունիքի մարզի փրկարարներն արձագանքել են 552 արտակարգ դեպքերի
Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Գալստյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հաշվետու զեկուցումն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը:Ըստ հաշվետու զեկուցման՝ 2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 552 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 18, մարմնական վնասվածքներ ստացել 59 հոգի:
Թեեւ 2017 թվականի համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 83-ով, սակայն զոհերի թիվն աճել է 4-ով: Գրանցված 552 արտակարգ դեպքերից 332-ը տեխնածին են, որոնց հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 57 մարդ: Տեխնածին աղետներից 197-ը հրդեհի դեպքերն են, որոնց հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Զոհեր եւ վիրավորներ չեն եղել նաեւ տարերային 32 աղետների դեպքում: Իսկ ահա սոցիալ-կենցաղային 188 աղետների դեպքում զոհվել է 7, վիրավորվել 2 մարդ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 552 ահազանգ, որոնցից 41-ը փոխանցվել է այլ շահագրգիռ մարմինների: Մարզային փրկարարական վարչության և ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման, հերթապահությունների եւ վարժանքների համար իրականացվել է 1376 ելք: Ելքերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 324-ով: Ստացվել է հրդեհների 223 ահազանգ:
Հրդեհներից հասցվել է 41 միլիոն 966,513 դրամի վնաս : ԳՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատն արձագանքել է 48 դեպքի՝ 2017 թվականին գրանցված 14 դեպքերի դիմաց: Նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ Կատարվել է վարչության ստորաբաժանումների վառելիքաքսուկային նյութերով ապահովում, իրականացվել է ծախսերի վերաբերյալ ստուգումներ եւ ներկայացվել են համապատասխան հաշվետվություններ:
Պարբերաբար կատարվել են տեխնիկաների նորոգման աշխատանքներ՝ դրանք մարտունակ վիճակում պահելու նպատակով: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Գավառի թիվ 31 եւ Վարդենիսի թիվ 34 ՀՓՋ-ները ստացել են մեկական Կամազ մակնիշի ավտոմեքենաներ՝ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար: Սեւանի թիվ 30 ՀՋՋ-ն ստացել է «Գազել» մակնիշի ավտոմեքենա՝ հագեցված ջրափրկարարական եւ փրկարարական գույք- սարքավորումներով:
Մարտունու թիվ 33 ՀՓՋ-ն նույն կենտրոնից ստացել է BV-206 թրթուրավոր ամենագնաց՝ հագեցված փրկարարական գույք- սարքավորմամբ եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ ԹՆԱՎ բազայից՝ Կամազ ամենագնաց՝ 2 հատ 15 Կվտ. հզորությամբ գեներատորներով:եկուցման ընդունումից հետո փրկարարական վարչության հաշվետվության կատարած տարեկան աշխատանքների շուրջ իր տպավորությունը եւ գնահատականը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ինձ գոհացնում է մեր մարզի փրկարարների աշխատանքը բոլոր ուղղություններում, քանի որ մեր տեսադաշտում են փրկարարական անձնուրաց աշխատանքների բազմաթիվ օրինակներ: Կարծում եմ, որ մեր մարզի փրկարարներն իրենց պարտականություններն անթերի ու փայլուն են կատարում: Այս ոլորտը ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաեւ անձնուրացություն ու նվիրվածություն է պահանջում, ինչը նկատելի է մեր փրկարարների մոտ: Գոհ եմ նաեւ մեր համագործակցության մակարդակից: Միաժամանակ ցանկանում եմ, որ դուք քիչ ահազանգեր ունենաք, իսկ ձեր առօրյան անցնի միայն խաղաղ պայմաններում ու մասնագիտական վարժանքների մեջ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Տարեկան հաշվետվության շուրջ իր նկատառումները ներկայացրեց նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը:
«Ուրախալի է, որ դուք հիմնականում կատարել եք գլխավոր խնդիրը՝ ապահովելով մեր բնակչության պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում: Համոզված եմ, որ հերթական տարում կունենանք ավելի տեսանելի առաջընթաց փրկարարական աշխատանքներում: Մի գլխավոր նկատառում ունեմ՝ քաղպաշտպանության տարեկան պլաններին ավելի իրատեսական տեսք տալը: Այս տարի փրկարարական աշխատանքներն ավելի հեշտացնելու եւ կանչերին ավելի արագ արձագանքելու նպատակով ստանալու ենք նոր տեխնիկական եւ սարքավորումներ: Հրշեջ –փրկարարական 5 ստորաբաժանումներում ստանալու ենք մեկական նոր հրշեջ մեքենաներ, տեխնիկական համալրումներ կունենա նաեւ ջրափրկարարական ջոկատը»,-նշեց Արտավազդ Դավթյանը:
2018 թվականին կատարված փրկարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության 16 աշխատակիցներ: Շնորհակալագրերն անձամբ հանձնեց մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարարի պատվոգրով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Գավառի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրա Մինասյանը, «Կապավոր» ՍՊԸ Վարդենիսի տեղամասի պետ Գեւորգ Փոստոյանը, «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ներկայացուցիչ Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի պատվոգրով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների պետեր, այլ հիմնարկների ղեկավարներ:
Խոսրով Խլղաթյան