Հրշեջ-փրկարարները և անտառտնտեսության աշխատակիցները մարել են Վահագնաձորում բռնկված խոտածածկ տարածքի հրդեհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները և անտառտնտեսության աշխատակիցները մարել են հունվարի 24-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում գտնվող խոտածածկ տարածքի հրդեհը, որը հասել էր մոտակա անտառ:
Ինչպես հաղորդում են նախարարության պաշտոնական կայքից, հունվարի 25-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 34 փրկարար ծառայող (14 հրշեջ-փրկարար, 20 փրկարար) և անտառտնտեսության 15 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:30-ին, մարվել՝ 18:00-ին:
Փրկարարներն իրականացնում են հերթապահություն:
Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 12 և ոստիկանության 30 աշխատակից, Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Դեպքի վայրում էին մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: