Մարկ Ցուկերբերգը պլանավորում է միացնել WhatsApp-ի, Instagram-ի և Facebook-ի մեսինջերները
Ինչպես գրում է The New York Times-ը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է ինտեգրել WhatsApp, Instagram և Facebook սոցիալական ցանցերի հաղորդագրությունների ծառայությունները: Պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվում, բայց ըստ նախնական տվյալների՝ միավորումը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին:
Այս քայլը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հազարավոր աշխատակիցներից կպահանջի վերամշակել WhatsApp-ի, Instagram-ի և Facebook Messenger-ի գործառույթները հիմնական մակարդակներում: Թեև բոլոր երեք ծառայությունները կշարունակեն գործել որպես առանձին ծրագրեր, նրանց հիմնական նամակագրական ենթակառուցվածքները կմիավորվեն:
Ցուկերբերգը հանձնարարել է նաև, որպեսզի բոլոր ծրագրերն ընդգրկեն վերջնակետային կոդավորում: Սա կարևոր քայլ է հաղորդագրությունները պաշտպանելու համար, որոնք հասանելի կլինեն միայն զրույցի մասնակիցների համար: Փոփոխությունների արդյունքում ֆեյսբուքյան օգտատերը կարող է կոդավորված հաղորդագրություն ուղարկել մեկին, ով ունի միայն WhatsApp հաշիվ: Ներկայումս դա հնարավոր չէ, քանի որ ծրագրերը առանձին են: