Բաժիններ՝

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար է ընտրել, հաստատել բյուջեի նախահաշիվը

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի, հիմնադրամի բյուջեի նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի հարցերն են քննարկվել ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հունվարի 22-ին կայացած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում։

Ինչպես տեղեկացրին ԵՊՀ մամուլի ծառայությունից, հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգի հաստատումից հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ գիտաշխատող, մի շարք դրամաշնորհային ծրագրերի մասնակից, Հումբոլդի մրցանակակիր Գևորգ Մուրադյանի թեկնածությունը։ «Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ բարեփոխումների ճանապարհով անցնելու համար»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:

Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասել է, որ առաջնային նպատակը պետք է լինի համալսարանի խնդիրների առաջնահերթությունների, իրական հնարավորությունների և լուծումների ճանապարհի ճիշտ գնահատումը:

Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրել է ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի թեկնածությունը։ Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Արթուր Իսրայելյանը։

Օրակարգի երրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և Հոգաբարձուների խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրել 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2017-2018 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:

Արամ Սիմոնյանն անդրադարձել է բուհի կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, ուսանողական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացված աշխատանքներին՝ հակիրճ տվյալներ ներկայացնելով 2017-2018 ուստարում իրագործված ծրագրերի և գրանցված արդյունքների վերաբերյալ:

«2017-2018 ուսումնական տարում համալսարանի գործունեությունը բոլոր բնագավառներում իրականացվել է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրին (ՌԾ) համապատասխան: Ըստ ժամանակացույց-պլանի՝ ՌԾ-ով նախատեսված բոլոր 9 նպատակների իրագործմանը միտված խնդիրների ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2017-2018 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը և 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը գնահատել բավարար:

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտորը ներկայացրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թ. (հունվար-նոյեմբեր ամիսներ) եկամուտների և ծախսերի կատարողականը:

Ըստ այդ կատարողականի՝ 2018 թվականի տասնմեկ ամսվա ընթացքում ԵՊՀ եկամուտների և ծախսերի ու նախահաշվի մուտքերը կազմել են 8 մլրդ 681 մլն 603.6 հազար դրամ, ինչը կազմում է տարեկան նախահաշվի 92.6 տոկոսը: Ծախսերը կազմել են 7մլրդ 817 մլն 53.7 հազար դրամ, որը տարեկան նախահաշվի 82.5 տոկոսն է:

Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաև 2019 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվին՝ ասելով, որ բյուջեն դեֆիցիտային է. «Երևանի պետական համալսարանի 2019 թվականի դրամական հոսքերը կազմելու են եկամուտների գծով՝ 9 մլրդ 117 մլն դրամ, ծախսերի գծով՝ 9 մլրդ 789մլն հազար դրամ»:

Հարցին, թե ինչպես է լուծվելու դեֆիցիտի խնդիրը, ԵՊՀ ռեկտորը պատասխանել է, որ որպես լրացման աղբյուր 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված ԵՊՀ դրամական միջոցների մնացորդն է. «Բացի դրանից՝ մենք վատատեսական ենք ներկայացրել 2019 թվականին սպասվող ընդունելության տվյալները: Ուրիշ լուծում էլ ունենք. կկրճատենք մեր ծախսերը»:

Քննարկումներից և հնչած առաջարկություններից հետո Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ հաստատել է 2019 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Օրակարգային հաջորդ երկու հարցերը վերաբերել են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումներին: ԵՊՀ ռեկտորը նշել է, որ հիմնական կառուցվածքը մնացել է նույնը, բայց տարվա ընթացքում ֆակուլտետային գիտխորհուրդները ստորաբաժանումային փոփոխությունների որոշումներ են ընդունել, որոնք էլ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ներկայացվում են Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Խորհրդի անդամները միաձայն հաստատել են ԵՊՀ-ի 2019 թվականի կառուցվածքը և հաստիքացուցակները:

Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը, որի ժամանակ Արամ Սիմոնյանն ասել է, որ հարցը ժամանակավրեպ է, քանի որ արտաքին աուդիտը պետք է իրականացվի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն. «Այսինքն՝ Հոգաբարձուների խորհուրդն այստեղ շատ անելիք չունի, որովհետև 2018 թվականի ապրիլից հարցը կարգավորվում է օրենքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս