
ՀՀ փոխվարչապետ Ավինյանն ԱՍՀ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Բաթոյանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 21-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված ծրագրին, որը ենթադրում է ներառականություն իր լայն իմաստով: «Ես կարևորում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը համընդհանուր ներառականության համատեքստում: Մեր երկրի պետական կառավարման համակարգի համար, համոզված եմ, նոր հնարավորություններ են բացվել: Անհրաժեշտ է թարմացնել համակարգը և հիմնովին վերանայել այն, ինչը մենք ունենք», – ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին չափազանց կարևոր ոլորտի համակարգումն իրեն վստահելու համար և նշել, որ այն նպատակն ու առաքելությունը, որոնցով առաջնորդվում են իրենք, թույլ են տալիս չվախենալ խոչընդոտներից։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ամենամոտն է կանգնած քաղաքացիներին և ամենամեծ թվով քաղաքացիների հետ գործ ունի: Ես կարծում եմ, որ մենք այսուհետ ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը: Մենք ավելի շուտ պետք է լինենք նրանց կողքին՝ կանխարգելելու այն դժվարությունները, որոնց հանդիպում են կյանքում», – ասել է նորանշանակ նախարարը:
Նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է նաև նախարարության դերը միջգերատեսչական համագործակցության գործընթացում և հավելել, որ միայն համատեղ ուժերի միջոցով է հնարավոր քաղաքացիներին մատուցել առավել որակյալ ծառայություններ, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքների վրա: