«Խայտառակություն էր այդ ընտրությունը». Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստանը շարունակում է դժգոհ մնալ ԱԺ փոխնախագահի ընտրությունից, խայտառակություն էր այդ ընտրությունը, որ տեղի ունեցավ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ մեծամասությունը չբերեց հիմնավորում, թե ինչու է ընտրում Վահե Էնֆիաջյանին:

Նկատելով, որ ԱԺ փոխնախագահը նաև ԱԺ խորհրդի անդամ է, Գորգիսյանը փաստեց այն իրողությունը, որ մեծամասնության համար գերադասելի եղավ ԲՀԿ-ին տալ լրացուցիչ լծակեր և ուժեղացնել որպես ընդդիմություն:

Նրա խոսքով՝ ԱԺ-ն սպասում է կառավարության կառուցվածքի մասին նախագծին, եթե այդպիսին կլինի, իսկ եթե ոչ, 20-օրյա ժամկետում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը:

Խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում իրենց կողմից շրջանառության մեջ դրված երեք նախագծերը՝ «Սահմանված կարգով զինծառայություն չանցած քաղաքացիների մասին», որ զինապարտություններից խուսափած քաղաքացիների համար ժամկետը երակարաձգվում է, կարող են վճարել ու ծառայել, երկրորդը՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար:

Սամսոնյանը նշեց, որ վերջին ժամանակներում փաստաբանների գործունեության նկատմամբ ոտնձգություններ են լինում, և օրենքի նպատակն է, որ փաստաբանի պաշտպանությունը բարձրանա դատախազին հավասար մակարդակի վրա, ոտնձգությունն էլ պատժվի նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ 1-3 տարվա ազատազրկմամբ:

Երրորդ նախագիծը, ըստ Ա.Սամսոնյանի, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից անցած խորհրդարանում ներկայացված նախագիծն է, որ մերժվել էր, մասնավորապես՝ առաջարկվում է կալանավորման մեկ օրը հավասարեցնել ազատազրկման ձևով պատժի 1.5 օրվան: Սամսոնյանը նկատեց, որ իրենք համառ են և նորից են ներկայացրել նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս