«Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով». Լիլիթ Մակունցը՝ մարզպետների պարգևատրումների մասին

«Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները: Պետք է նշել, որ այդ պարգևատրումները չեն եղել միայն մարզպետարաններում, այլև եղել է Ազգային ժողովում, այսինքն՝ բոլոր պատգամավորները ստացել են պարգևատրումներ, այսինքն՝ պետք է հասկանալ՝ մի կառույցում դա ընդունվո՞ւմ է, մյուսում՝ ո՞չ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մարզպետների կողմից իրենց իսկ հատկացված պարգևատրումների աղմկահարույց խնդրին:

Ըստ նրա՝ խնդիրը ցածր աշխատավարձերն են, և լավագույն աշխատողները, տարվա ընթացքում լավ աշխատանք կատարծները խրախուսման կարիք ունեն:

Ինչ վերաբերում է մարզպետի՝ ինքն իրեն պարգևատրմանը, Լ.Մակունցը նշեց, որ «Իմ քայլում» այս հարցը չեն քննարկել. «Եթե օրենքը թույլ է տալիս, ես դրան դեմ արտահայտվել չեմ կարող: Այլ հարց է, որ եթե գտնում ենք, որ պետք է սահմանափակել պարգևավճարները, որևէ կառույցի ղեկավարը չպետք է ինքն իրեն պարգևատրի, պետք է օրենսդրորեն կարգավորի»:

Թե ինչպե՞ս կընկալի հանրությունը աշխատավարձից բավականին բարձր պարգևատրումները, Լ.Մակունցը վստահեցրեց, որ հանրության ընկալումը չափազանց կարևոր է իրենց համար:

Նա հավաստիացրեց, որ արդարացման մոտեցում չկա, և խմբակցությունում կքննարկեն և կուսումնասիրեն, թե ինչ սահմանափակում կարելի է կիրառել օրենքի դաշտում:

Տեսանյութեր

Լրահոս