«Կարծում եմ, սա հենց Գերմանիայի այդ մեսիջն է Հայաստանի իշխանություններին». Սուրեն Սարգսյան
«Սա շարունակական գործընթաց է, Անգելա Մերկելն այստեղ էր և պատասխան այցով Նիկոլ Փաշինյանին հրավիրել է: Հայաստանում տեղի ունեցողը նաև արժեհամակարգային, ժողովրդավարության հաստատման տեսանկյունից, իհարկե, ժողովրդավար Գերմանիայի, Եվրամիության տնտեսական-քաղաքական լոկոմոտիվ Գերմանիայի համար չափազանց կարևոր է: Սա, կարծում եմ, Գերմանիայի հենց այդ մեսիջն է Հայաստանի իշխանություններին, ժողովրդին և տարբեր ժողովրդներին, որոնք ցանկանում են ժողովրդավարության ճանապարհը բռնել, և սրանով Մերկելն ընդամենը ցույց է տալիս, որ այն գործընթացները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել, որոնք տանում են դեպի ժողովրդավարություն ու մարդու իրավունքների պաշտպանություն, նաև արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացում, կարծում եմ, հենց դրա արտացոլումն է և դրա համար էլ Մերկելը պատասխան այցով Փաշինյանին հրավիրել է Գերմանիա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով հունվարի 31-ին Գերմանիա կատարելիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին:
Ըստ նրա՝ Գերմանիան առաջիկայում կվավերացնի ՀՀ-ԵՄ պայմանագիրը, որևէ խնդիր չկա դրա համար:
Անդրադառնալով պայմանագրի ընդհանուր վավերացման ձգձգման խնդրին՝ միջազգայնագետը նշեց, որ գործընթացը նորմալ ընթացքի մեջ է, միգուցե մի քիչ դանդաղել է՝ կապված ԵՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ, տարբեր պետություններում ընտրությունների հետ.
«ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների մի մասում վավերացվել է, մի մասում դեռևս օրակարգում չէ, մի մասում արդեն օրակարգում է և մոտ ժամանակներս կքննարկվի: Այս հարցը բազմաշերտ է, թե ինչու տարբեր երկրներում դեռ չեն վավերացրել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն իր պարտականությունները չի կատարում: ՀՀ-ն շարունակում է կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, և անհանգստանալու որևէ առիթ ես չեմ տեսնում»: