Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

ՀՀ տարածքում, հունվարի 17-ի ժամը 19:00-ի դրությամբ, կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ են, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի. այդտեղ ձնաբուք է:

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս