Փոխվարչապետ Ավինյանն ԱԶԲ-ի պատվիրակության հետ քննարկել է Իրան-ՀՀ- Վրաստան-ՌԴ տրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով Տիգրան Ավինյանին փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ՝ Շեյն Ռոզենթալը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստան-ԱԶԲ փոխգործակցության համար նոր շրջան է սկսվել, և կառույցի հետ սերտ համագործակցությունը կբերի Հայաստանի զարգացման նպատակներին աջակցող կարևոր ծրագրերի առաջքաշմանը և իրականացմանը:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Շեյն Ռոզենթալը հայտնել է, որ այս տարի ԱԶԲ-ն հաստատելու է Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարությունը, որը համահունչ կլինի նոր կառավարության զարգացման ռազմավարության հետ, ինչի համար խորհրդակցություններ կանցկացվեն կառավարության շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նա հավելել է, որ գործընկերության ռազմավարության մեջ շեշտադրում է լինելու տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ու կապակցելիության, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսական աջակցության վրա: Այս առումով Տիգրան Ավինյանը նշել է, որ կրթության և առողջապահության զարգացումը Հայաստանի որդեգրած զարգացման ներառական տնտեսական մոդելի կարևոր տարրերից է հանդիսանում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընթացիկ աշխատանքներին, ծրագրի իրականացման ընթացքում կապալառուների հետ առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիներին և միջանցքի շինարարության հետագա ընթացքին: Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության նպատակն է ապահովել թե՛ կառուցվող ճանապարհների բարձր որակը, թե՛ հնարավորինս սեղմ ժամկետներում ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով տրանսպորտային համագործակցության զարգացման հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս