Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և Լատվիայի կառավարության ղեկավար Մարիս Կուչինսկիսը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Յուրի Ռատասի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակվելու կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ բարեփոխումների առաջընթացն ապահովելու պատասխանատու գործում, որպեսզի Հայաստանը դարձնեք առավել ժողովրդավարական և բարգավաճ երկիր: Որպես անցումային գործընթացի միջոցով անցած երկիր, Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու հնարավորությունը՝ առկա դրական փորձը կիսելու առումով:
Մեր երկրների միջև առկա լավ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի ոլորտներում, ամուր հիմք է՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Համոզված եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կընդլայնենք երկուստեք շփումներն այլ ոլորտներում եւ կամրապնդենք արդեն գոյություն ունեցողները:
Հուսով եմ՝ Հայաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում: Սերտ համագործակցության ակնկալիքով՝ լիահույս եմ, որ շուտով մենք հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել անձամբ»:
Մարիս Կուչինսկիսի ուղերձում նշվում է. «Լատվիայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքները` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուրախալի է տեսնել Լատվիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցության զարգացումը: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության և բարգավաճման»: