«Վառել, կախել, ցցին հանել… Սա է այսօր Հայաստանում հռետորաբանությունը, և սա վաղը խնդիր է դառնալու ԵԽԽՎ, ԵԱՀԿ մեր պատվիրակների համար». Էդմոն Մարուքյան

«Ես ուզում եմ իմ ելույթն անվանել այսպես՝ Մարդու իրավունքների վիճակը հետհեղափոխական Հայաստանում։ Երբ բոլորն ուրախ են եղել, նաև ես, բայց մարդու իրավունքների խնդիրներ ունենք, բայց խոսողներ չկան»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր ելույթը Խորհրդարանում սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ բանախոսի՝ այն մարմինները, որոնք պետք է խոսեն մարդու իրավունքների խախտումների մասին, չեն խոսում, քանզի վախենում են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով հարձակումներից։

Նա կարծում է, որ ցանկացած գործունեության մեջ պետք է հաշվի առնեն ՀՀ միջազգային պարտավորությունները, Սահմանադրությունը, մեր օրենսդրությունը. որևէ բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների ոտնահարումը, ով էլ որ այդ մարդը լինի։

«Վառել, կախել, ցցին հանել… Սա է այսօր Հայաստանում հռետորաբանությունը, և սա վաղը խնդիր է դառնալու ԵԽԽՎ, ԵԱՀԿ մեր պատվիրակների համար։ Բանը հասել է այնտեղ, որ փաստաբանն ուզում է իր պաշտպանյալի դատին մասնակցել, բայց նրա մասնագիտական գործողությունները ցուցարարների կողմից խոչընդոտվում է, իսկ կողքին կանգնած ոստիկանները ձայն չեն հանում»,-նշեց ԱԺ պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը «շնորհավորեց» ՀՀ իշխանություններին այն կապակցությամբ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) արդեն կոմունիկացված գործ կա նախաքննական մարմինների «փնթի» կատարված նախաքննական գործողությունների հետևանքով։

Խոսքը, մասնավորապես, Սամվել Մայրապետյանի գործի մասին է, այն դեպքում, երբ ինքը 5 տարով ՄԻԵԴ-ում գործ ունի, որ դեռ չի կոմունիկացվել, իսկ այս գործն ամիսների ընթացքում 39 կետով կոմունիկացվել է։

«Մեր պետությունը չի մարսել գաղտնալսման գործը (ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի,-հեղ.)։ Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Արդյո՞ք մենք պատրաստվում ենք կանչել մարդկանց ու հասկանալ, թե այս ինչ դատավորներ են, ո՞ւմ են զանգում, ինչի՞ են զանգում։ Մենք չենք մոռացել։ Անընդհատ հարցնելու ենք։ Փաստաբանները պետք է լինեն պաշտպանված, դատարանները՝ անկախ»,-հավելեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։

Վերջինս խոսեց նաև ազատ մամուլի դեմ կատարվող ոտնձգությունների մասին, ինչից արդեն բողոքում են անգամ հեղափոխությանը սատարած թերթի խմբագիրները և հռետորական հարց ուղղեց, թե ո՞ւր են մեր մեդիա-կազմակերպությունները։ Այն, որ Հայաստանում նոր իրավիճակ է, չի նշանակում, որ այդ կազմակերպությունները չպետք է ձայն հանեն։

«Քաղաքական գործիչները վախենում են խոսել, որ ձայն չկորցնեն ու իրենց ֆեյսբուքյան հարթակում մի 1000 հոգի չմտնի ու հայհոյի… Դուք ինչի՞ց եք վախենում։ Իսկ հասարակական սեկտորն ինչո՞ւ ձայն չի հանում»,-տարակուսեց Է. Մարուքյանը։
Ելույթն ավարտելով՝ Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մարդու իրավունքներից կարևոր բան չկա ու չի կարող լինել, և իրենք հետևողական են լինելու այս հարցում, և ցանկացած մարդ, ում իրավունքները ոտնահարվել են, կարող է դիմել իրենց՝ Բաղրամյան 19, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս