«Ավելի շատ բան սպասել բանակցային գործընթացից այս փուլում, իհարկե, հնարավոր չէ». Միքայել Զոլյան

«Արտգործնախարարների հանդիպումն ինքնին դրական արդյունք է, որովհետև եթե չլինեն որևէ հանդիպումներ, կնշանակի, որ բանակցային գործընթացը մեռած է, և բանակցային գործընթացի բացակայությունը վտանգավոր է, մեծանում է միջադեպերի, էսկալացիայի հավանականությունը: Ավելի շատ բան սպասել բանակցային գործընթացից այս փուլում, իհարկե, հնարավոր չէ, որովհետև սա շատ բարդ հակամարտություն է»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կարելի է արձանագրել Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումից և Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից:

Ըստ նրա՝ այդ գործընթացն անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջև վստահություն ստեղծվի: Համանախագահների հայտարարության մեջ նշված՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին ձևակերպումը, Զոլյանի կարծիքով, չի նշանակում, որ զիջումներ են նախապատրաստվում.

«Ամենևին պետք չէ այդպիսի բան տեսնել»:

Նրա մեկնաբանմամբ՝ դա նշանակում է, որ չպետք է լինի ատելության խոսք, և էթնիկ ծագմամբ մարդը Ադրբեջան գնալու դեպքում խոչընդոտների չպետք է հանդիպի:

Մեր դիտարկմանը, որ իշխանության քննադատները նշում են, որ Փաշինյան-Ալիև «վերելակային» համաձայնությունից հետո Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևյան պայմանավորվածությունները մոռացվել են, Մ.Զոլյանը պատասխանեց, որ մեր հասարակությունում ամեն առիթով անհանգստություն է լինում՝ կոշտ հռետորաբանության, համաձայնությունների և այլն. «Ես կարծում եմ՝ այս պահին միտումները, եթե դրական չեն, ապա բացասական չեն»:

Տեսանյութեր

Լրահոս