ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները հայտնի են
Այսօր նորընտիր Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, թե որ մշտական հանձնաժողովի նախագահին որ խմբակցությունն է առաջարկում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք առաջարկում են առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում են Նարեկ Զեյնալյան թեկնածությունը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Ռուբեն Ռուբինյան, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Մխիթար Հայրապետյան, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Արման Եղոյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Անդրանիկ Քոչարյան, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Վլադիմիր Վարդանյան, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարազդատ Կարապետյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու են առաջադրում Նաիրա Զոհրաբյանին, տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրում են Մանե Թանդիլյանի թեկնածությունը: