
Թուրքմենստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարին

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Այազովին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ գործում։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Թուրքմենստանի դեսպանը բարձր գնահատեցին բազմակողմ հարթակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ որպես կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, հումանիտար և մշակութային կապերի խորացումը: Այդ համատեքստում ընդգծվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ որպես կառավարության գործունեության գերակա ուղղություն առանձնացնելով զարգացման օրակարգի առաջմղումը:
Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի շուրջ։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները։
ՀՀ ԱԳՆ