Գայանե Աբրահամյանը վարչապետի գրառումը հիմնավորում է «պահի հասունացմամբ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հարկ էր համարել հատուկ գրառումով անդրադառնալ իշխանական ուժի «խաշկերույթի» մասին հրապարակմանը: «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։

Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես, օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։

Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»,- գրել էր Փաշինյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր նախկին լրագրող «Հոդված 3» ակումբի ղեկավար, «Հանուն հավասար իրավունքների» հ/կ նախագահ Գայանե Աբրահամյանը վարչապետի գրառումը հիմնավորում է «պահի հասունացմամբ»:

«Երևի թե արդեն հասունացել էր պահը, որովհետև նախորդ մեր ընդհանուր խմբակցության ամանորյա հավաքույթի մասին ևս շատ գրվեց, և շատ կարևոր է շեշտադրել, որ բոլոր այդ հավաքները, ընդ որում՝ շատ չեն եղել, ընդամենը երկուսն են՝ ամանորյան և այս վերջինը, արվում են բացառապես ամեն մեկի վճարով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ.Աբրահամյանը՝ նկատելով, որ ամանորյա հավաքի մասնակիցներից յուրաքանչյուրը վճարել է 10 հազար դրամ, իսկ այս անգամ հավաքված գումարի չափից տեղյակ չէ, քանի որ չի մասնակցել:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ի հետ համեմատությունը շատ անարդար է, որովհետև բացի այն, որ իսկապես անհրաժեշտություն կա հավաքների, որովհետև խմբակցությունը միատարր չէ, բոլորն իրար չեն ճանաչում, և նման «team building»-ներ անհրաժեշտ են. «Սա այդպես ուտուշ-խմուշ չի, ինչպես նախկինում արվում էր»:

Գ.Աբրահամյանի դիտարկմամբ՝ կառավարության գործունեության կամ որևէ նախագծի, անգամ անձի վերաբերյալ շատ սուր քննադատություններ են եղել, բայց դրանց անդրադարձ չի կատարվել, բայց այս դեպքում հասունացել էր, որովհետև «իսկապես շատ անարդար էր այդ հրապարակումը»:

Տեսանյութեր

Լրահոս