«Ես որևէ կերպ չեմ լիազորի ինձ՝ մեկնաբանել վարչապետի մեկնաբանությունը». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հարկ էր համարել հատուկ գրառումով անդրադառնալ իշխանական ուժի «խաշկերույթի» մասին հրապարակմանը: «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես, օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, և նույնիսկ խաշ ուտելով։ Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։
Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»,- գրել էր Փաշինյանը։
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր նախկին լրագրող, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մամուլը ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում եղել է «կոնտրոլի» տակ և արդյո՞ք երկրի առավել կարևոր հարցերից մեկն է այդ հրապարակումը:
Թագուհի Թովմասյանը, հիշեցնելով, որ վարչապետն ինքը նախկինում լրագրողական դաշտի ներկայացուցիչ է եղել, հորդորեց այդ գրառումն ընկալել՝ որպես լրագրողի դիտարկում լրագրողի մասին: Նա պնդեց, որ «Ժողովուրդ» օրաթերթը երբեք չի եղել որևէ մեկի «կոնտրոլի» տակ.
«Չնայած շատ տարաբնույթ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի ջանքերին, օրաթերթը շարունակել է մնալ անկախ և հիմա էլ շարունակում է մնալ անկախ և չի գտնվում անգամ այս իշխանության «կոնտրոլի» տակ»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում Փաշինյանի տեղեկությունները լիարժե՞ք չեն նախորդ իշխանության օրոք մամուլի ազատության վերաբերյալ, Թ.Թովմասյանը պատասխանեց.
«Ես, անկեղծ ասած, չգիտեմ, ինքը ինչ ինֆորմացիայի է տիրապետում, իրեն գուցե այլ բաներ են զեկուցել: Ամեն դեպքում՝ ես, որպես ռեալ պոլիտիկի ներկայացուցիչ, մամուլի դաշտի ներկայացուցիչ, կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մի քանի թերթերի, այդ թվում «Հրապարակի» և «Հայկական Ժամանակի», ունենք և ունեինք ազատ մամուլ»:
Թ.Թովմասյանը չցանկացավ մեկնաբանել, թե արդյո՞ք այդ հարցը երկրի թիվ մեկ օրակարգային խնդիրն է, որին հարկ էր համարել անդրադառնալ Ն. Փաշինյանը. «Դա թողնենք վարչապետի ընտրությանը՝ ինչ հարցը կմեկնաբանի, ինչը՝ ոչ: Ես որևէ կերպ չեմ լիազորի ինձ՝ մեկնաբանել վարչապետի մեկնաբանությունը»: