
Հայկական արծիվներ թիմը հաղթանակով մեկնարկեց Pro Chess League ակումբային մրցաշարում

Հայկական արծիվներ (Armenia Eagles) թիմը՝ հաղթանակով մեկնարկեց Pro Chess League ակումբային մրցաշարում, որին մասնակցում է աշխարհի չեմպիոնը:
Մեկնարկեց Chess.com կայքի կողմից անցկացվող Pro Chess League ակումբային հզոր մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Մրցաշարում իր ելույթները սկսեց 2018 թվականի Pro Chess League մրցաշարի հաղթող Հայկական Արծիվներ (Armenia Eagles) ակումբը: Մեր թիմն ընդգրկված է Արևելյան ենթախմբում: Առաջին տուրում մեր ակումբը 9-7 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Վոլգա թիմի նկատմամբ, որ գլխավորում է հանրահայտ գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը:
Թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ազգային վարպետ, ԱԺ ընտրված պատգամավոր Արտակ Մանուկյանը: