«Ինձ ոչ ոք չի զանգել». Վալվերդեն՝ Նեյմարի զանգերի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մի քանի անգամ զանգահարել է կատալոնացիների ղեկավարությանը՝ վերադառնալու խնդրանքով:
«Մարդիկ, սովորաբար, շատ են խոսում այն ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղում են ուրիշ ակումբներում:
Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է, նա անցկացրեց շատ լավ Աշխարհի առաջնություն, բայց հիմա նա այլ ակումբում է:
Նեյմարի զանգե՞րը: Ինձ ոչ ոք չի զանգահարել: Մեդիայում անընդհատ տարբեր նորություններ են հայտնվում: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և մենք հարգում ենք այդ ակումբը»,- նշել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ իսպանական «El Mundo» թերթը հաղորդել էր, որ 26-ամյա հարձակվողը 5 անգամ զանգահարել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին:
Նյութում նշվում էր, որ Նեյմարի հայրը ևս խոսել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ և նշել է, որ ցավում է, որ իր որդին 2017 թվականին տեղափոխվել է ՊՍԺ, քանի որ ֆրանսիական ակումբը չունի նախագիծ:
Instagram-ում ֆուտբոլիստի հայրը նյութի մասին գրել է՝ «Fake News» («Կեղծ լուրեր»):
AS-ի տեղեկություններով՝ բրազիլացին դեռևս ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ և ամեն կերպ փորձում է դա հասկացնել կատալոնացիների ղեկավարությանը:
«Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարի տեղափոխումը դժվար կլինի իրականացնել: Այս տարվա ամռանը գնման հնարավորությունները չեն լինի, իսկ 2020 թվականին դա կարժենա 160 մլն եվրո՝ առանց բոնուսների:
Ակումբը հասկանում է, որ Նեյմարը ուժեղ կապ ունի քաղաքի և թիմի հետ, նա պահպանում է հարաբերությունները խաղացողների հետ և այցելում է թիմին ամեն անգամ, երբ մեկնում է Իսպանիա:
Նեյմարի տեղափոխության քիչ հավանական տարբերակներից մեկն այն է, որ Ուսման Դեմբելեն տեղափոխվի ՊՍԺ: Ֆրանսիական ակումբը ցանկանում է իր թիմը համալրել ֆրանսիացի ֆուտբոլիստներով:
Սիրարփի Աղաբաբյան