Բաժիններ՝

«Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՐՑՈՒՄ

Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում

Խնդրում եմ մասնակցել հաջորդ գրառմամբ ներկայացվող հարցմանը՝ այս գրառումն ամբողջությամբ ընթերցելուց հետո։

Այս օրերին քննարկվում են դատապարտյալներին ներում շնորհելու հարցի ամենատարբեր ասպեկտներ՝ պայմանավորված նաեւ նրանով, որ գործընթացը գաղտնի է ու լրացուցիչ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Ընդհանուր առմամբ ներում շնորհելու ընթացակարգը հիմնականում ընդգրկում է հետեւյալ փուլերը.

• Ներման խնդրագրի ներկայացում,
• Ներման հանձնաժողովի կողմից խնդրագրի քննարկում,
• Վարչապետի կողմից նախագահին ներման մասին առաջարկություն ներկայացում,
• Նախագահի կողմից ներման շնորհում կամ մերժում։

Ներկա իրավիճակը այնպիսին է, որ ներման շնորհման այս բոլոր փուլերը ընթանում են գաղտնիության պայմաններում։ Փաստացի հանրությունը այս փուլերից գոնե մեկում հնարավորությունից չի ստանում տեղեկանալ, թե կոնկրետ անձին ի՞նչ պայմաններով, ինչպիսի՞ չափանիշների հիման վրա է ներում շնորհվել։ Ճիշտ է, «Ներման մասին» օրենքում կան որոշակի չափանիշներ, թե ինչով պետք է առաջնորդվել ներում շնորհելիս, սակայն, եթե ամբողջ գործընթացը տեղի է ունենում գաղտնիության պայմաններում ընդհանրապես պարզ չի լինում, թե ի վերջո ի՞նչ պայմաններում ներում շնորհվեց։

Ի դեպ, օրենքի քննարկման ժամանակ այս հարցի սուր անհրաժեշտությունը շատ ակնառու չէր եւ լայն քննարկման առարկա չդարձավ՝ տուրք տալով անցյալում այս հարցի վերաբերյալ եղած ավանդական կարգավորումներին (գաղտնիություն)։

Հետաքրքրական է, որ պատժից ազատելու այլ դեպքերում, օրինակ պատժից պայմանական ազատում, համաներում եւ այլն, գալիս է մի պահ, երբ հնարավորություն է առաջանում տեղեկանալու, թե ինչու է անձը պատժից ազատվել, մինչդեռ ներման պարագայում նման հնարավորությունը բացառված է։

Այսինքն՝ հանրությունը գոնե ներման շնորհման որեւէ փուլում պե՞տք է հնարավորություն ստանա գնահատելու, թե արդյոք իր վստահության քվեի շնորհիվ ներման գործառույթ ունեցող պաշտոնյան գործում է հանրային հաշվետվողականության պայմաններում, թե ոչ, արդյո՞ք այդ պաշտոնատար անձի կողմից կիրառվող չափանիշները վստահություն են ներշնչում, թե ոչ։

Հատկապես վերջին օրերին ծավալված բուռն քննարկումները, կարծում եմ՝ հենց այդ հարցերի պատասխանների բացակայությամբ են պայմանավորված։ Ըստ շրջանառվող լուրերի հիմա բոլորին հուզող հարցը արդեն իսկ պետք է լինի երկրի վարչապետի քննարկման առարկան, սակայն նույնիսկ հանրային խիստ պահանջի ու հարցի նկատմամբ հանրային զգայունության պարագայում անհնար է ստանալ որեւէ տեղեկատվություն։ Ի դեպ իրավական կարգավորումների պատճառով։ Կարծում եմ՝ մենք գտնվում ենք այն փուլում, որ պետք է հստակ պատասխան տանք այն հարցին՝ արդյոք հասարակությունը պետք իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, թե ոչ։ Եվ եթե այո, ապա օրենսդրական փոփոխությունների հասնելու լեգիտիմ ուղիներով հասնել այդ հարցի լուծմանը:

Այդ իսկ պատճառով խնդրում եմ մասնակցել հարցմանը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ» այն հարցին, թե արդյոք հանրությունը իրավունք ունի իր կողմից վստահության քվե ստացած պաշտոնատար անձանց հարցնել, թե ինչպես է նա իրագործում ներման լիազորությունը։

Կարող եք նաեւ մեկնաբանել, թե որ փուլում եք պատկերացնում հրապարակայնացումը»:

ՀԱՐՑՈՒՄԱրդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝…

Gepostet von Arpine Hovhannisyan am Sonntag, 13. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս