Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվեց Հայոց բանակի զորամասեր
Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի, Վարդան Մովսիսյանի և բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի հորդորներին, Սեւանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ և բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնված ձուկը «Սեւան ազգային պարկ»-ի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է տարբեր զորամասեր:
Հունվարի 12-ին մարզպետ Գնել Սանոսյանն անձամբ եղավ նախատեսված վայրում, որտեղ հավաքվում է ձուկը, զրուցեց ձկնորսների հետ եւ հրահանգեց՝ մինչեւ հունվարի 20-ը խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: «Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը, ինչպես գիտեք, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստորագրվել եւ գործողության մեջ է դրվել Սեւանա լճում ձկնորսության արգելման ռեժիմի խստացման հետ կապված միջոցառումների ծրագիրը:
Անցած օրերի ընթացքում ձկնորսների հիմնական մասը, անսալով մեր եւ պատկան մյուս մարմինների հորդորներին, Սեւանա լճից դուրս էին բերել որսագործիքներն ու լողամիջոցները, սակայն մի մասը, լճում էին թողել որսացանցերը:
Այլ խոսքով, արդյունքը մեզ չգոհացրեց, ուստի եւ երեկ մենք ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ որոշեցինք հանդիպման հրավիրել ձկնորսությամբ զբաղվող անձանց եւ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորել իրավիճակը: Ձկնորսները միանգամայն պատրաստակամորեն արձագանքեցին մեր պահանջին ու անմիջապես գործի անցան:
Վաղվանից կբացառվի որեւէ մեկի մուտքը լիճ, խստորեն կպահպանվի արգելանքի ռեժիմը, իսկ ցանցերում մնացած ձկան ողջ քանակությունը տրամադրվում է բանակին»,-հավաստեց մարզպետը:
Միաժամանակ Գնել Սանոսյանը շեշտեց, որ արտոնագրային ձկնորսության նոր կարգը, որը մշակված է եւ շուտով կդրվի գործողության մեջ, լիովին կկարգավորի ոլորտում առկա բոլոր խնդիրները: «Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված է եւ մոտ ժամանակներում կդրվի գործողության մեջ: Այստեղ հաշվի է առնված ամեն մի մանրուք, որպեսզի մենք Սեւանա լճում այսուհետ ունենանք միայն կանոնակարգված ձկնորսություն եւ ձկնապաշարի անխափան վերաարտադրություն: Նոր կարգով մենք երկու հիմնական խնդիր ենք լուծում.առաջին, որ բացառվելու է ձկնորսության որեւէ դեպք սիգի ձվադրության շրջանում, եւ երկրորդ, որ ձկնորսների կողմից օգտագործվելու են միայն լայն տրամաչափի որսացանցեր, որպեսզի մանրաձկները չհայտնվեն դրանցում:
Անելու ենք հնարավորը, որպեսզի արգելանքի ռեժիմի խստացման հետ կապված հերթական միջոցառումներն անցնեն գոհացուցիչ արդյունքներով, բացառվի որեւէ ձկնորսի մուտքը դեպի Սեւանա լիճ»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան