Ում մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը
ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց:
«Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»,- ասել էր նա։
168.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեց՝ աշխատավարձերի շոշափելի բարձրացում ո՞ր նախարարություններում, ո՞ր հաստիքների և ի՞նչ չափով է եղել։
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ 2018 թ. ընթացքում պետական կառավարման մարմինների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացում չի իրականացվել, սակայն միաժամանակ հանրային իշխանության մարմինների 2018 թ. գործունեության արդյունքներով տնտեսված միջոցներն ուղղվել են տվյալ մարմնի աշխատակիցների խրախուսմանը։
2018 թ. ՀՀ նախարարություններում աշխատակիցների աշխատավարձերի աճ գրանցվել է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նվազման արդյունքում։
«Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ 2019 թ. պետական բյուջեով հանրային իշխանության բոլոր մարմինների համար նախատեսվել է աշխատողների պարգևատրման ֆոնդ՝ հիմնական աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով, ինչպես նաև «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ թույլատրվել է ՀՀ կառավարությանը 2019 թ. անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումն ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում՝ սահմանափակումների։
ՀՀ վարչապետի աշխատակազմից մեզ են տրամադրել նաև 2018 թ. աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ՀՀ նախարարությունների պարզաբանումները։ Ըստ այդմ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցների աշխատավարձերն անցած տարի բարձրացել են 7.4%-ով՝ նախարարության 2018 թ. բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին։
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում 2018-ի նոյեմբերին ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար նախարարության 37 աշխատակից պարգևատրվել է ընդհանուր 8.8 մլն դրամի չափով, իսկ տարեկան արդյունքներով առաջացած 31 մլն դրամ խնայողությունների և 9.2 մլն դրամ այլ հոդվածներով տնտեսումների վերաբաշխման արդյունքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պարգևատրվել են նախարարության բոլոր աշխատակիցները։
Այս տարի պետբյուջեով նախարարության պահպանման ծախսերով «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով պլանավորված է 97 մլն 365.5 հազար դրամ՝ համաչափ եռամսյակային բաշխվածությամբ՝ նկատի ունենալով աշխատավարձի հավելում 30 % չափով, ինչը նախորդ տարիներին նախատեսված չի եղել, և 33 մլն 871.9 հազար դրամ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ կիսամյակային արդյունքներով բացառապես քաղաքացիական ծառայողներին պարգևատրելու նպատակով, որը բխում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներից։
Ֆինանսների նախարարությունում 2018 թ. տեղի ունեցած օպտիմալացման արդյունքում աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշվին աշխատակիցների խրախուսման հնարավորությունն ավելացել է մոտ 30 %-ով։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի պահպանման նպատակով 2018-ի բյուջեով հատկացված գումարների տնտեսման արդյունքում աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի տարեկան ընդհանուր ֆոնդի 12.35 % չափով։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը 2019-ի բյուջեով պահպանման ծախսերի համար լրացուցիչ նախատեսվել է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հավելավճարներ» ծախսային հոդված՝ 81.8 մլն դրամի չափով, որը կազմում է նախարարության «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածի 21.6%-ը։
Բնապահպանության նախարարությունն աշխատակիցների վարձատրության չափի փոփոխության հաշվետվությունը ներկայացրել է իր ենթակա կազմակերպությունների մասով, որոնցից որոշներում՝ աշխատակիցների կրճատում, որոշներում՝ ավելացում է եղել։ Ըստ այդմ՝ տարեսկզբին նախարարության 10 ՊՈԱԿ-ների և 1 ՓԲԸ-ի 797.5 հաստիքները հոկտեմբերի դրությամբ դարձել են 794.5, իսկ աշխատավարձի միջին աճը՝ 19%։
Նշենք, որ անտառապահների աշխատավարձերի ամենամեծ աճը եղել է «Դիլիջան ազգային պարկում»՝ 100 հազար դրամից դառնալով 185 հազար դրամ՝ աճելով 85%-ով։