Չինաստանն իրեն առավել ազնիվ է դրսևորում, քան ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը. Թրամփ
Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում գործում է առավել ազնիվ, քան Դեմոկրատական կուսակցությունը Հանրապետականի հետ երկխոսության մեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Տեխաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:
«Մենք Չինաստանի հետ բանակցություններ ենք վարում և հասնում անհավանական հաջողության: Անկեղծ ասած, գտնում եմ, որ մեծամասամբ Չինաստանն իրեն դրսևորում է առավել ազնիվ, քան լացող Չակը և Նենսին: Ես անկեղծ այդպես եմ կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Լացող Չակ և Նենսի» ասելով՝ Թրամփը նկատի է ունեցել Կոնգրեսում Դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերին և Նենսի Փելոսիին: Առաջինը գլխավորում է դեմոկրատական փոքրամասնությունը, երկրորդը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակն է:
Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ-ում մասամբ դադարեցվել է դաշնային կառավարության աշխատանքը՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներին և դեմոկրատներին Կոնգրեսում չի հաջողվել համաձայնեցնել պետական բյուջեի պարամետրերը, որում Թրամփը և հանրապետականները ցանկանում են ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատնեշ ստեղծելու միջոցներ: Դեմոկրատները հայտարարում են, որ երբևէ չեն համաձայնի դրա համար միջոցների հատկացմանը դաշնային բյուջեից: