ՖՄԿ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում հունվարի 10-ին կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հանդիպումը:

Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լուիզ Մուշիկիվաբոն, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշել է, որ այն իր առաջին պաշտոնական հանդիպումն է, ինչը նաև խորհրդանշական է:

Գլխավոր քարտուղարն իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի բացառիկ ներդրման ու ջերմ ընդունելության, ՀՀ ներկայացուցչի անձնական նվիրումի շնորհիվ` ՖՄԿ Երևանի գագաթաժողովը պսակվեց մեծ հաջողությամբ: Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարը խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել նաև ՀՀ ԱԳ նախարարին և ՀՀ իշխանություններին:

Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցությանը, հատկապես` Երևանի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների և Հայաստանի, որպես Գագաթաժողովի նախագահի, ստանձնած նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան՝ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ միասին սերտորեն աշխատելու իր պատրաստակամությունը` վերոնշյալ որոշումների և նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև՝ ՖՄԿ 50-ամյակի միջոցառումը Հայաստանի հետ համատեղ կազմակերպման համար:

Տեսանյութեր

Լրահոս