«Ավրորա»-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում
«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները դեկտեմբերի 12-ին հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:
Ինչպես տեղեկացրել էին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, 2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008թ-ից լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը «Գթության մայր» հիվանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։ Վերջին տասը տարիներին Քաթինան բնակվում է Սուդանի պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն արգելված է։ Տեղացիների շրջանում նա հայտնի է որպես «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունեությունն այժմ շարունակելու է իբրեւ նույն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսավորում է Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը՝ Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։