Բաժիններ՝

Աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում է հնամաշ մեքենաների ձեռքբերումը. Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՊԵԿ նախագահին

«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։

Դրա հետևանքով աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։

Այսպես, եթե անձը ցանկանում է ձեռք բերել համեմատաբար նոր ավտոմեքենա, որի արժեքն արտերկրում օրինակ 5.000 ԱՄՆ դոլար է, վաճառքի գնի մեթոդով մաքսազերծումը կազմում է 32%՝ 1.600 ԱՄՆ դոլար, իսկ կոմիտեի կողմից կազմված փաստաթղթերով գինը հասնում է 9.000 ԱՄՆ դոլարի։

Այսպիսով, խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն նշյալ որոշման հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ և առաջարկել վերանայել այս թանկարժեք մեթոդով մեքենաների մաքսազերծման որոշումը»,- գրառման մեջ նշում է պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս